Рубрика: Ուսումնական ձմեռ

Սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Պաուլո Կոելյո »սուրբծննդյան հեքիաթ»

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Рубрика: Ուսումնական ձմեռ

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

christmas

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…